BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Հավասարում բազմաթիվ անհայտներով

Հավասարում բազմաթիվ անհայտներով
11.07.2014 | 14:10

Այս կիրակի կավարտվի մեկ ամիս տևած ֆուտբոլի աշխարհի քսաներորդ առաջնությունը: Եզրափակիչ խոսքի ժամանակը հարկավ վրա չի հասել, որովհետև առջևում են մեծ ու փոքր եզրափակիչները, իսկ դրանք, հավատացած եմ, դեռ իրենց անակնկալներն ունեն պատրաստած:
Կիսաեզրափակիչներում մրցեցին Բրազիլիայի ու Գերմանիայի, Արգենտինայի ու Հոլանդիայի ընտրանիները: Ինչ խոսք, որ դրանցից առանձնացավ հատկապես առաջինը ու նախ և առաջ գրանցված աներևակայելի արդյունքի պատճառով:
Իհարկե, բրազիլացիներն ամեն ինչ կտային այդ օրվա չլինելու համար, ընդհուպ գերադասելով նույնիսկ խմբայինից դուրս թռչելը, որովհետև 7:1 հաշիվ հիմա նույնիսկ հոկեյում դժվարությամբ կհանդիպես, էլ ո՜ւր մնաց ֆուտբոլում, և այն էլ այն դեպքում, երբ մրցակցող ուժերը գրեթե հավասարազոր էին դիտվում ու խաղից առաջ նախապատվությունը որևէ մեկին տալն իսկապես դժվար էր, եթե կոնկրետ հավաքականի երկրպագու չէիր կամ էլ օրիգինալությամբ շրջապատում առանձնանալու ցանկություն ունեցող անձ:
Իհարկե, ճակատագրի կամոք այդ հանդիպումը բաց թողած Տիագու Սիլվան գործոն էր, նրա օրինակով հանդիպումը բաց թողած Նեյմարը գործոն էր, սակայն, կներեք, որքան էլ այդպիսին, այդուհանդերձ, Բրազիլիայի ընտրանին, եթե մեր բոլոր ժամանակների պատկերացրածն էր, պիտի նման խայտառակությունից անմասն մնար: Ես չգիտեմ, թե նրանց ինչ է մնում անելու: Գուցե թե սրբի դո՞ւռ գնան, գիշեր ու ցերեկ մո՞մ վառեն օր առաջ գերմանացիների հետ հանդիպելու ու այդ ամոթը սրբելու համար, այլապես առնվազն մի հարյուր տարի այդ խաղի մասին խոսելու են ու խոսելու:
Մեծ ցանկության դեպքում եղածը հարկավ կարելի է բացատրել աշխարհի հնգակի չեմպիոնների համար երկնքում աստղերի բացառիկ անբարենպաստ դասավորությամբ, սակայն դրանից ոչ խաղի հաշիվն է փոխվելու, ոչ էլ այն բանի հիշողությունն է մոռացվելու, որ աշխարհի քսաներորդը մարդկանց մտապատկերում մնաց այդ հանդիպմամբ՝ հետին պլան մղելով մրցաշարի ընթացքում արձանագրված շատ ու շատ հրաշալի խաղեր:
Բրազիլիա-Գերմանիա դիմակայության հենքի վրա, ինչ խոսք, որոշակիորեն դժգույն է ներկայանում Արգենտինա-Հոլանդիա մրցակցությունը, սակայն այս խաղն իր ներքին լարվածությամբ հարկավ անհամեմատ ավելին էր, որովհետև եթե առաջինում արդեն երրորդ գոլից հետո ինտրիգը վերջնականապես կորավ, ապա երկրորդում մարզասերը գոլ չլինելուց սմքեց, ու այդ զգացողությունը շարունակվեց նաև լրացուցիչ խաղակեսերում: Այո, Արգենտինա-Հոլանդիա խաղում հաղթողը որոշվեց հետխաղյա տասնմեկմետրանոցներով, որտեղ առավել հաջողակ էին առաջինները՝ ստանալով գլխավոր եզրափակիչում Գերմանիայի հոյակապ ընտրանու հետ չեմպիոնի կոչումը վիճարկելու հնարավորությունը:
Չգիտեմ, թե մասնավորապես դուք ինչ եք կարծում, կոնկրետ ինձ համար այդ խաղը լինելու է Գերմանիա-Մեսի առճակատում: Խնդրում եմ ճիշտ հասկանալ. ես սա չեմ ասում որպես հրաշք արգենտինացու մոլի երկրպագու: Պարզապես աշխարհի առաջնությունների իմ դիտած խաղերի մեջ որքան էլ հիշողությունս փորփրում, այդպես էլ չեմ կարողանում հիշել գեթ մեկը, որտեղ մի ֆուտբոլիստ միայնակ մի ողջ հավաքական, ականջներից բռնած, քաշել-բերել է գլխավոր եզրափակիչ:
Թե ինչպիսին կլինի այդ հանդիպման ելքը, ես չեմ համարձակվի գուշակել: Իհարկե, Յոախիմ Լյովի գլխավորությամբ գերմանական փայլուն հավաքականն ամեն ինչ կանի Մեսիին գործելուց զրկելու համար, իր հավաքականության մեջ այն, իհարկե, անհամեմատ հզոր է արգենտինականից, սակայն ես ոչ թե դժվարանում, պարզապես վախենում եմ որևէ մեկին նախապատվություն տալուց, քանզի այս մրցակցությունում չափազանց մեծ դեր է վերապահված հոգեբանական գործոնին ու խիստ դժվար է ասել՝ բրազիլացիների հետ խաղից հետո գերմանացիները վառվա՞ծ են, թե՞ ոչ, եզրափակչի իրավունք նվաճելուց հետո Արգենտինայի ընտրանու մյուս անդամները վերջապես կհամախմբվե՞ն իրենց առաջատարի շուրջը, թե՞ կմնան նրա հույսին:
Նույն հոգեբանականի կտրվածքով ահռելի դժվարությունների առաջ են նաև բրազիլացիները: Չափազանց խոշոր հարց է մնում՝ կիսաեզրափակչի «բաղնիքից» հետո նրանք դուրս եկած կլինե՞ն շոկից, թե՞ այս հավաքականը վերջնականապես երկրորդային մշակման հանձնելու բան է: Այս քառյակից թերևս կորցնելու բան չունեն միայն հոլանդացիները, սակայն նրանց պարագայում էլ բացասական դեր կարող է ունենալ վերջին երկու խաղերի ընթացքում վրա հասած անխուսափ հոգնածությունը:
Եթե ամփոփելու լինենք, առաջիկայում մեզ սպասվող այս խաղերը հավասարում են բազմաթիվ անհայտներով: Իսկ քանի որ բազմաթիվ գուշակումների վրա մենք էլ ենք ահռելի էներգիա ծախսել ու ոչ միայն հոգեպես, այլև ֆիզիկապես սաստիկ հյուծված ենք (ես դիտմամբ չեմ հիշատակում մեզնից շատերի նաև այլ կարգի հյուծվածությունը), ուստի ավելի ողջամիտ կլինի պարզապես սպասել ամսի տասներկուսի ու տասներեքի խաղերին, որոնցով էլ վերջնականապես կտրվի բոլոր հարցականների պատասխանը:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1356

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ